Մեղրեցի Բորիս Ազատյանը իր հարևանների նման վաշինգտոնյան արարողություններին ուղիղ եթերով էր հետևում․ մինչ ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին էր դիմավորում, 73-ամյա տղամարդը հիշողությունների գիրկն էր ընկել, հիշում էր, թե խորհրդային ժամանակներում ինչպես էին ադրբեջանցիները Մեղրիի երկաթուղով երթևեկում:
Ստորագրված փաստաթղթերը թեև հեռավոր անցյալում մնացած հիշողությունները հետ բերելու ու Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու հույսեր են արթանացրել, բայց և բազմաթիվ նոր հարցեր առաջացրել․ ո՞վ է հսկելու «Թրամփի ուղին», հայ մաքսավորներն ու սահմանապահները կարողանալո՞ւ են ստուգել Սյունիքով անցնող ադրբեջանցիներին ու նրանց բեռները, Ադրբեջանի ճանապարհները նույն պայմաններով կբացվե՞ն Հայաստանցիների համար, հայաստանցիները կկարողանա՞ն ինչպես խորհրդային շրջանում Երևան գնալ-գալ Նախիջևանի տարածքով անցնող շատ ավելի արագ ճանապարհով։ Քանի այս հարցերի պատասխանները չկան, տարեց մեղրեցին հանգիստ շունչ քաշել չի կարող:
Իսկ առավոտյան Մեղրիում վաշինգտոնյան իրադարձությունների մասին արդեն բոլորն էին խոսում։ Փողոցներում, բակերում ստորագրված համաձայնագրերը ու «Թրամփի ճամփան» թիվ մեկ թեման էր:
Համաձա՞յն են մեղրեցիները, որ ադրբեջանցիները Սյունիքով անխոչընդոտ անցնեն- դառնան: Մեկը կողմ է ճանապարհի բացմանը, մյուսը՝ դեմ, երրորդը փոխադարձության հարցն է բարձրացնում՝ համաձայն կլինի, եթե նույն սկզբունքով Ադրբեջանն էլ իր տարածքը հայերի համար բացի:
Տնտեսական հնարավորությունների մասին Մեղրիում նույնպես խոսում են՝ ինչ օգուտներ կստանա Հայաստանը, Մեղրիին ու ամբողջ Սյունիքին ինչպիսի հեռանկար է սպասվում, ամերիկյան ներդրումներն ինչ ծավալի կարող են հասնել։ «Ազատության» բոլոր զրուցակիցները, սակայն, ընդգծում էին՝ սրանք երկրորդական թեմաներ են, գլխավորը վերջնական խաղաղության հաստատումն է:
Մանրամասները «Ազատության» տեսանյութում.