«Օր, որ կհիշի Ադրբեջանի ժողովուրդը՝ նախագահ Թրամփի կողմից Ադրբեջանին ցուցաբերած վերաբերմունքի համար», - երեկ Սպիտակ տանը հայտարարում էր Իլհամ Ալիևը՝ ԱՄՆ նախագահի ու Հայաստանի վարչապետի հետ համատեղ ասուլիսի ընթացքում՝ հատուկ առանձնացնելով Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության սահմանափակումները վերացնելու նախագահ Թրամփի որոշումը։
Բացի 1992 թվականից գործող Վաշինգտոնի ուղիղ օժանդակության արգելքի կասեցումից, Ադրբեջանը հնարավորություն կունենա նաև անխոչընդոտ կապ ունենալ իր անկլավ Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով: Բաքուն հասավ իր ևս մեկ պահանջի կատարմանը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանդատ ունեցող Մինսկի խմբի լուծարմանը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի համար խնդրահարույց Հայաստանի Սահմանադրությանը, ապա Հայաստանում հանրաքվե չեղած՝ Ալիևը երեկ արդեն վստահ պնդում էր՝ հարևան երկրի մայր օրենքը կփոխվի:
«Չեմ կասկածում, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխության դեպքում՝ իսկ հայկական կողմն ինքը հայտարարում է նման փոփոխությունների անհրաժեշտության մասին, տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ այնտեղից կհանվեն։ Հակառակ դեպքում դա, առաջին հերթին, կլինի անհարգալից վերաբերմունք Միացյալ Նահանգների հանդեպ»,- նշել է Ադրբեջանի նախագահը:
Անցած գիշեր ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նախագահ Ալիևը հայտարարում էր՝ Բաքվի դիրքորոշումը հասկանում են գրեթե բոլոր առաջատար միջազգային դերակատարները, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները. - «Որովհետև երբ խաղաղության համաձայնագիր է ստորագրվում, բոլոր հարցերը պետք է լուծվեն, և մեր նկատմամբ անհիմն տարածքային պահանջները պետք է բացառվեն դրանից։ Հետևաբար, ես կասկածներ չունեմ այս հարցում»:
Ադրբեջանի առաջնորդն ընդգծել է՝ «Հայաստանի սահմանադրությունում համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո, խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել ցանկացած պահի»։
Վաշինգտոնյան հանդիպումից բառացիորեն ժամեր անց Ադրբեջանի պետական լրատվամիջոցները անանուն դիվանագիտական աղբյուրի սպառնալիքներն ու նախազգուշացումներն էին հրապարակում՝ ուղղված Հայաստանին, - «Հայաստանի ներսում և դրսում ռևանշիստական շրջանակների փորձերը՝ չճանաչելու Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնումը, վճռականորեն մերժվելու են»:
Հակամարտությունն անցյալում է, պետական APA-ի փոխանցմամբ, պնդել է ադրբեջանցի պաշտոնյան, ում անունը չի նշվում: Մեկնաբանելով Վաշինգտոնում ստորագրված եռակողմ փաստաթուղթը` այդ աղբյուրը շեշտել է, թե այդպիսով հաստատվել է, որ «հակամարտության կարգավորման արդյունքում ի հայտ եկած իրողությունները վերանայման ենթակա չեն և երբեք չեն լինի, և այս համատեքստում ռևանշիզմի փորձերը վճռականորեն մերժվելու են և Հայաստանը քաղաքական հանձնառություն է ստանձնել բացառելու այս իրականությունը ներկայում և ապագայում կասկածի տակ դնելու ցանկացած փորձ»։
Վաշինգտոնյան արդյունքները ողջունել է նույնիսկ նախագահ Ալիևի ամենամոլի քննադատը․ քաղաքական վերլուծաբան և լրագրող Ռաուֆ Միրքադիրովը, որ նախկին քաղբանտարկյալ է, «Ազատության» ադրբեջանական ծառայության հետ զրույցում, անդրադառնալով մասնավորապես հաղորդակցությունների բացման Բաքվի պահանջի կատարմանն, ասել է, որ սա հնարավորություն կտա տարածաշրջանին մուտք գործել Միջին միջանցք:
Ադրբեջանցի վերլուծաբանը, սակայն, նույնքան համոզված չէ խաղաղության հարցում՝ և հենց այդ, Միրքադիրովի բնորոշմամբ, ամենակարևոր հարցն էլ մնում անպատասխան. - «Հիմնական հարցը վերաբերում է Հարավային Կովկասի հանրապետություններին՝ ներառյալ Վրաստանին։ Այս երկրները բախվում են լուրջ անվտանգության սպառնալիքների։ Այդ սպառնալիքները չեզոքացնելու հարցը դեռևս լուծված չէ։ ԱՄՆ-ի ներգրավվածությունը կարևոր է, բայց խնդիրը մնում է չլուծված։ Մենք դեռ չգիտենք, թե ինչպես կավարտվի այս գլոբալ դիմակայությունը, և դրանից շատ բան է կախված»։
Մինչ այդ՝ Նախիջևանում հաղթանակ են տոնում․ ինքնավար շրջանն ավելի քան երեսուն տարվա շրջափակումից հետո ուղիղ կապ կունենա Ադրբեջանի բուն տարածքի հետ, արձագանքում է անկլավի բնակիչ Ֆաիք Ալիևը։
«Անհամբեր սպասում ենք հաղորդակցության և ճանապարհների բացմանը, և կարծում ենք, որ տարածաշրջանի սոցիալական իրավիճակը կդառնա առնվազն մի քանի անգամ ավելի լավ, քան նախկինում։ Նախիջևանի և Ադրբեջանի մայրաքաղաքի միջև մարդկանց համար ուղիղ ճանապարհորդությունը, անձնական մեքենաներով տեղաշարժվելու հնարավորությունը կհեշտացնեն մեր կյանքը», - ասել է նա։
Ադրբեջանական APA գործակալությունն, ամփոփելով վաշինգտոնյան ձեռբերումները, փաստում է՝ ադրբեջանա-ամերիկյան փոխշահավետ համագործակցությունը տասնամյակների պատմություն ունի, ինչը «իրական քաղաքական աջակցություն է ապահովել Ադրբեջանի միջազգային դիրքերի ամրապնդման, ազգային շահերի պաշտպանության և ռազմավարական նախագծերի իրականացման համար»։