Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն ՌԴ-ին ուկրաինական խնդրի կարգավորման վերաբերյալ առաջարկ է արել. Ուշակով


Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները, արխիվ
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները, արխիվ

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը կարող է տեղի ունենալ Հռոմում հաջորդ երկուշաբթի, հայտնում է Fox News-ը՝ հավելելով, որ դիտարկվում են նաև այլ վայրեր: Ռուսական պետական TASS-ը, սակայն, պնդում է, որ հանդիպումը Հռոմում չի կայանա: Վլադիմիր Պուտինն ավելի վաղ ասել էր՝ ամենահարմար վայրերից մեկը Արաբական Միացյալ Էմիրություններն է:

Մինչ այդ Միացյալ Նահանգների նախագահը հերքել է հրապարակումները, թե Պուտինի առաջ պայման է դրել, թե առաջիկայում նախատեսված իրենց հանդիպումը տեղի կունենա միայն, եթե դրանից առաջ Պուտինը հանդիպի Ուկրաինայի նախագահի հետ:

Այսօր լրանում է ժամկետը, որ Դոնալդ Թրամփը Ռուսաստանին տվել էր Ուկրաինայում հրադադարին համաձայնելու համար՝ սպառնալով հակառակ դեպքում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ: Լրագրողները Թրամփից հետաքրքրվել են՝ արդյոք ուժի մե՞ջ է վերջնաժամկետը: Սպիտակ տան ղեկավարն ուղիղ պատասխան չի տվել:

«Դա Պուտինից է կախված, տեսնենք, թե ինչ կասի նա, բայց դա նրանից է կախված, շատ հիասթափված եմ», - արձագանքել է Թրամփը։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է, որ Վաշինգտոնը Մոսկվային ուկրաինական խնդրի կարգավորման վերաբերյալ առաջարկ է արել, որն ընդունելի է Մոսկվայի համար: Թե ինչի մասին է խոսքը, ո՛չ Մոսկվան, ո՛չ Վաշինգտոնը չեն մանրամասնում:

Մինչդեռ լեհական Оnet կայքը, որը սերտ կապեր ունի երկրի արտգործնախարարության հետ, գրում է, թե ԱՄՆ-ն Ռուսաստանին առաջարկել է խաղաղության դիմաց 49 կամ 99 տարով պահպանել վերահսկողությունը արդեն գրաված տարածքների նկատմամբ, մինչև կլուծվի դրանց հարցը: Ընդ որում, ԱՄՆ-ն դրա դիմաց կվերացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեծ մասը:

New York Times-ն էլ գրում է, որ Պուտինի պահանջները վերաբերում են ոչ այնքան տարածքներին, որքան նրան, որ Ուկրաինան պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ի անդամակցությունից, սահմանափակի իր ռազմական կարողությունների զարգացումը և վերադառնա Ռուսաստանի ազդեցության գոտի:

Bloomberg-ն էլ գրում է, որ Վաշինգտոնն ու Մոսկվան ձգտում են այնպիսի համաձայնության, որը կամրապնդի Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքների օկուպացիան: Ըստ աղբյուրի՝ Պուտինը պահանջում է, որ Ուկրաինան Ռուսաստանին զիջի ամբողջ Արևելյան Դոնբասը, նաև Ղրիմը: Այսինքն՝ Ուկրաինան պետք է իր զորքը դուրս բերի Լուգանսկի և Դոնեցկի այն մասերից, որոնք դեռ իր հսկողության տակ են, ինչը հաղթանակ կլինի Ռուսաստանի համար, որն այս տարածքները չի կարողացել գրավել պատերազմի սկզբից ի վեր: Նաև Ռուսաստանը պետք է դադարեցնի հարձակումը Խերսոնի և Զապորոժիեի ուղղությամբ: Համաձայնագրի պայմաններն ու ծրագրերը, ըստ աղբյուրի, դեռ կարող են փոխվել։

Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն, Պուտինի մերձավոր Կիրիլ Դմիտրիևն իր հերթին ասել է, որ Թրամփ-Պուտին հանդիպումը կարող է դառնալ պատմական կարևոր իրադարձություն, որը Ռուսաստանին հնարավորություն կտա իր դիրքորոշումը հստակ փոխանցել նախագահ Թրամփին։ Նա նաև հույս է հայտնել, որ այս երկխոսությունը կշարունակվի նաև տնտեսական ուղղությամբ. «Մենք տեսնում ենք, որ համատեղ ներդրումները կարող են փոխադարձաբար օգտակար լինել և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի համար: Կարող ենք նաև համատեղ ներդրումներ անել տեխնոլոգիական և շատ այլ ընկերություններում»:

Ու մինչ Մոսկվան և Վաշինգտոնը նախապատրաստում են երկու առաջնորդների հանդիպումը, Ուկրաինայի նախագահը հայտարարում է՝ արդար կլինի, որ ինքը ևս մասնակցի բանակցություններին. «Բոլորը հաստատ գիտեն, որ Ռուսաստանում բոլոր կարևոր որոշումները կայացնում է մեկ մարդ։ Եվ այդ մարդը վախենում է ԱՄՆ պատժամիջոցներից։ Եվ արդար կլինի, որ Ուկրաինան մասնակցի բանակցություններին»։

Լեհաստանի վարչապետն իր հերթին այսօր Զելենսկիի հետ հեռախոսազրույցից հետո ասել է, թե որոշ ազդակներ կան, որ հակամարտությունը կարող է առնվազն սառեցվել: «Չեմ ուզում ասել պատերազմի ավարտը, բայց հակամարտության սառեցումն ավելի մոտ է, քան հեռու։ Դրա համար հույսեր կան»,- ասել է Դոնալդ Տուսկը:

Ուկրաինացիները, սակայն, մեծ ակնկալիքներ չունեն Թրամփ-Պուտին հանդիպումից: Խերսոնի բնակիչ Օկսանա Նոզդրաչովան ասում է, թե անհեթեթ է խոսել հրադադարի մասին, երբ ռուսական զորքն անդադար ռմբակոծում է ուկրաինական բնակավայրերը։

«Ինձ թվում է՝ Պուտինին վստահելը նշանակում է չհարգել ինքդ քեզ ... Ես ապրում եմ Խերսոնում, այնտեղ եմ ապրել ամբողջ ռուսական օկուպացիայի ընթացքում։ Տեսել եմ, թե ինչպես են նրանք պահում իրենց խոսքը», - նշել է նա։

Դերասան Միխայիլո Կրիշտալը ևս դրական ակնկալիքներ չունի հանդիպումից և մեջբերում է Բիսմարկին, թե Ռուսաստանի հետ ցանկացած համաձայնագիր չունի նույնիսկ այն թղթի արժեքը, որի վրա գրված է. «Ինչո՞ւ պետք է Պուտինն ավարտի այս պատերազմը։ Նրա ձեռքի տակ կան շատ մարդիկ, որոնք պատրաստ են մեռնել իր կամ Ռուսաստանում ստեղծված որոշ անցողիկ գաղափարների համար։ Սրանք բոլորը ինչ-որ խաղեր են»։

Այս ֆոնին Bloomberg-ը գրում է, որ Հնդկաստանի նավթավերամշակման գործարանները դադարեցրել են ռուսական նավթի գնումը այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն Հնդկաստանի համար 50 տոկոս մաքսատուրք սահմանեց ռուսական նավթը գնելու համար՝ համարելով, որ դրանով Հնդկաստանը ֆինանսավորում է Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմը:

Reuters-ն էլ գրում է, որ Հնդկաստանը դադարեցրել է նաև ԱՄՆ-ից նոր զենք և ինքնաթիռներ գնելու ծրագրերը՝ իր դժգոհությունն արտահայտելով Թրամփի որոշման դեմ:

Ռուսաստանի նախագահն այսօր հինգ երկրի, այդ թվում՝ Հնդկաստանի առաջնորդի հետ հեռախոսազրույց է ունեցել և ներկայացրել Ուկրաինայի շուրջ վերջին զարգացումները:

Իսկ ռազմական դրությունը մնում է լարված: Ռուսական զինուժը անօդաչուներով հարվածել է Կիևի մարզին, Խերսոնին, Սումիին, կան տուժածներ: Ուկրաինական զինուժը իր հերթին հարվածել է Ռուսաստանի մի քանի մարզերի: Սոչիում ժամանակավորապես դադարեցվել է օդանավակայանի աշխատանքը, զբոսաշրջիկներին խնդրել են լքել լողափերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG