Մատչելիության հղումներ

Արդարացված, բայց դեռ մեղադրյալի աթոռին. վարչապետի ուղղությամբ խնձոր նետած արցախցու գործը՝ Վերաքննիչում


Մեկ տարի առաջ վարձով տան պատշգամբից տարեց արցախցին խնձոր էր նետել վարչապետի ուղղությամբ, բարեբախտաբար որևէ մեկը չէր տուժել: Բայց դա չէր խանգարել քրեական գործ հարուցել, Ալբերտ Առստամյանին ձերբակալել, մեղադրել խուլիգանության մեջ:

Չորս ամիս առաջ առաջին ատյանի դատարանն արդարացրեց արցախցուն, բայց այդ որոշումը Գլխավոր դատախազության սրտով չէր: Բողոքարկեցին, գործը հասավ Վերաքննիչ:

«Իմ հույսս դրված ա ինձ վրա, փաստաբանի վրա, ուրիշ ես հույս չունեմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց 72-ամյա Առստամյանը:

Չի հարմարվում այս իրականությանը, հենց վարչապետ Փաշինյանին է մեղադրում տնավեր լինելու, հայրենիքի կորստի համար: Նեղսրտած էր, բողոքի ակցիա արեց ու ընկավ կրակը:

«Իրանք ճիշտ չեն վերաբերվել իմ հետ, իմ ընտանիքիս հետ, ես ստեղ հինչ ե՞մ անում: Սաղ ալբոմը ցույց տվեցի: Գերեզմանատունը թողած, տունուտեղը, ամեն ինչը թողած, ընդեղ ծնված եմ, սովորություն ունեմ, ամեն ինչը, լոխ թողած ես մինչը հմիկ չեմ կարում հարմարվեմ ստեղ: Ո՞նց հարմարվեմ, չի ստացվում: Ինձ մոտ չի ստացվում», - հայտարարեց տարեց արցախցին:

Ալբերտ Առստամյանը վերհիշում է իր համար ճակատագրական այդ օրը: Մոր ծնունդն էր, Արցախ գնալ չէր կարող, ընտանիքով հիշել էին, տխրել, աչքն ընկել էր հեռուստացույցի էկրանին, որտեղ խաշլամա ուտող Նիկոլ Փաշինյանն էր: Զայրացած դուրս էր եկել պատշգամբ ծխելու ու ներքևում տեսել նույն Փաշինյանին, որ դիմացի շենքում ապրող բարեկամուհուն էր հյուր եկել:

«Ես չեմ իմացել, որ ստեղ էր ինքը, ես էկա ծխախոտ ծխեմ, տեսա հենա կանգնած, ասում եմ՝ էս ինքն ա, ինքը չի, հետո տեսա ինքն ա, ասեցի՝ դե ինքն ա, հարկավոր ա բողոքի ակցիա արած մի հատ», - պատմեց Առստամյանը:

Երկու տուն ուներ Ստեփանակերտում՝ մեկը՝ սեփական, մյուսը, իր խոսքով՝ պետական:

«Պառկում եմ, ննջում եմ, երազում Ստեփանակերտում եմ, վեր եմ կենում՝ ստի հինչ ե՞մ անում ես: Մինչև հմի չեմ կարում դուրս գամ էդ սթրեսից: Խոսքս ղարաբաղցոց ա վերաբերում, բոլորը տենց են, սթրեսի տակ ենք, էլի, հասկանո՞ւմ ես», - ասում է 72-ամյա արցախցին:

Արցախի, իր տան, հող ու ջրի կորստից հետո 8 հոգով՝ կնոջ, դուստրերի ընտանիքների հետ հազիվ տեղավորվել են 3-սենյականոց վարձով բնակարանում: Ծնողների գերեզմանին այցելելու փոխարեն լուսանկարների ալբոմն է թերթում. - «Մամաս ա, պապաս ա, իրենց գերեզմանների համար մտածում ես, ասում ես՝ բա մի վեր չկենա՞ս, գնաս մի հատ ծաղիկ դնես, մի հատ բարև անես: Ոչ մի բան չկա, չենք կարա»:

Թեթև արդյունաբերության ոլորտում էր մասնագիտացել, վերջին տարիներին էլ Ստեփանակերտի քաղաքապետարանում ինժեներ-տեխնոլոգ էր աշխատում: Արցախյան 70-ամյա կյանքից հիմա միայն հիշողություններ են մնացել՝ ամփոփված ընտանեկան ալբոմում, որի լուսանկարներից մեկում 1990-ականների մարտական ընկերն է՝ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը. - «92 թիվ, մայիսի 8-ն ա: Նկարվել ենք Շուշվա օպերացիան ա, էս մեր ռոտայի տղերքն են, էս էլ մեր ռոտան ա, էս էլ՝ Բակո Սահակյանը»:


Ալբոմի հին լուսանկարների մեջ է պահ տվել արցախյան դժվար, բայց և հարազատ կյանքը: Փորձել էր Երևանում գտնել մի փոքր խաղաղություն, այն էլ ընդհատվեց մեկ տարի առաջ հանցագործության գործիք դարձած խնձորով:

Եթե Վերաքննիչը բեկանի արդարացման վճիռը, Առստամյանը կարող է ազատազրկվել մինչև երկու տարով:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG