Մատչելիության հղումներ

Միրզոյանը զրուցել է Լավրովի, Արաղչիի, Կալլասի հետ, շնորհակալություն հայտնել


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի և Իրանի իր պաշտոնակիցների՝ Սերգեյ Լավրովի և Աբբաս Արաղչիի, ինչպես նաև ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ։

ԱԳՆ-ից հաղորդում են, որ Միրզոյանը առանձին հեռախոսազրույցների ժամանակ նրանց ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները:

Նա շնորհակալություն է հայտնել Սերգեյ Լավրովի շնորհավորանքի և աջակցության համար:

Աբբաս Արաղչիի հետ զրույցում Միրզոյանն ընդգծել է, որ «ինչպես նախկինում բազմիցս հայտարարվել է ՀՀ կողմից, այնպես էլ վաշինգտոնյան հռչակագրում արտացոլված է այն, որ ենթակառուցվածքների գործարկումը՝ ներառյալ Հայաստանի տարածքում ամերիկյան գործընկերությամբ կառուցվելիքը, տեղի է ունենալու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում»:

Այս առնչությամբ նախարար Միրզոյանը Աբբաս Արաղչիին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների վերաբերյալ «սկզբունքային անդրադարձի համար»:

Կալլասի հետ զրույցում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրման կարևորությունը՝ որպես երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում մինչ այս գրանցված առավել կարևոր հանգրվան:

Արարատ Միրզոյանը Կայա Կալասին շնորհակալություն է հայտնել ԵՄ կողմից շնորհավորանքի համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույցներ է ունեցել երկու երկրների նախագահների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG