Մատչելիության հղումներ

Վենս. Խաղաղության պայմանագրից հավանաբար դժգոհ կմնան թե՛ Մոսկվան և թե՛ Կիևը


ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենս, արխիվ
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենս, արխիվ

Ալյասկայում Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների ուրբաթ նախատեսված հանդիպումից մի քանի օր առաջ ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցված խաղաղության պայմանագիրը, հավանաբար, չի բավարարի կողմերից ոչ մեկին՝ Մոսկվան ու Կիևը «դժգոհ կմնան»:

Fox News-ին տված հարցազրույցում Ջեյ Դի Վենսն ասել է, որ ԱՄՆ-ն, այդուհանդերձ, կփորձի լուծում գտնել, որի շնորհիվ կողմերը կկարողանան ապրել համեմատական խաղաղության մեջ:

«Դա ոչ մեկին չափազանց երջանիկ չի դարձնի։ Ե՛վ ռուսները, և՛ ուկրաինացիները, հավանաբար, ի վերջո, դժգոհ կմնան դրանից, բայց չեմ կարծում, որ կարելի է իրականում նստել և այս բանակցությունները վարել առանց Դոնալդ Թրամփի առաջնորդության», - նշել է ԱՄՆ փոխնախագահը:

Չնայած Ուկրաինայի նախագահը հրավիրված չէ Ալյասկայի հանդիպմանը՝ Վենսը հայտնել է, որ ԱՄՆ-ն աշխատում է կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը, որը, ըստ նրա, արդյունավետ կլինի միայն Թրամփ-Պուտին հանդիպումից հետո:

Ավելի վաղ Սպիտակ տնից Reuters-ին ասել էին, որ Թրամփը պատրաստ է Ալյասկայում անցկացնել եռակողմ հանդիպում, սակայն հավելել էին, որ հիմա իրենց օրակարգում է Պուտինի հետ երկկողմ հանդիպումը՝ վերջինիս խնդրանքով։

ԱՄՆ նախագահն անցած շաբաթ հայտարարել էր, որ հակամարտության ցանկացած լուծում կարող է ենթադրել «տարածքների փոխանակում»: Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարը, սակայն, հայտարարել է, որ միջազգային իրավունքը հստակ է՝ ռուսական զորքի օկուպացրած բոլոր տարածքները պատկանում են Ուկրաինային։ Կայա Կալլասը նաև ընդգծել է՝ Ուկրաինան և Եվրոպան պետք է մասնակցեն պատերազմը դադարեցնելու՝ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև ցանկացած գործարքի:

«ԱՄՆ-ը կարող է Ռուսաստանին ստիպել լուրջ բանակցություններ վարել։ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ցանկացած համաձայնագիր պետք է ներառի Ուկրաինան և Եվրամիությունը, քանի որ սա Ուկրաինայի և ամբողջ Եվրոպայի անվտանգության հարցն է», - հայտարարել է Կալլասը:

Գերմանիայի կանցլերն, իր հերթին, հայտարարել է, որ Եվրոպան չի կարող և չպետք է լինի պարզապես դիտորդ, երբ խոսքը վերաբերում է իր ապագայի համար այսքան կարևոր հարցին։ Անընդունելի են տարածքներին վերաբերող հարցերում որոշումները, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը կընդունեն առանց Ուկրաինայի և Եվրոպայի մասնակցության, ասել է Ֆրիդրիխ Մերցը:

«Ամեն դեպքում, մենք չենք կարող ընդունել, որ Ռուսաստանի և Ամերիկայի միջև տարածքային հարցերը քննարկվեն կամ նույնիսկ որոշվեն առանց եվրոպացիների և ուկրաինացիների մասնակցության։ Ենթադրում եմ, որ ամերիկյան կառավարությունը նույնպես այդպես է մտածում», - հայտարարել է Մերցը:

Bloomberg-ի փոխանցմամբ՝ եվրոպական երկրները ցանկանում են բանակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, նախքան նա կհանդիպի Պուտինի հետ:

Ավելի վաղ եվրոպական մի քանի երկրների առաջնորդներ ողջունել էին պատերազմը դադարեցնելու նպատակով Պուտինին հանդիպելու Թրամփի ջանքերը, սակայն ընդգծել էին՝ անհրաժեշտ է պաշտպանել Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգության շահերը: Իսկ դա, ըստ նրանց, ներառում է «ուժեղ և հուսալի անվտանգության երաշխիքներ», որոնք Ուկրաինային թույլ կտան արդյունավետ պաշտպանել իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

Ուկրաինայի նախագահն, իր հերթին, անդրադառնալով տարածքների խնդրին, հայտարարել էր, որ թույլ չեն տա մասնատել երկիրը: Երեկ էլ Վլադիմիր Զելենսկին ասել է, թե բոլորն են տեսնում, որ Ռուսաստանը խաղաղության ուղղությամբ իրական ոչ մի քայլ չի արել, ապա հավելել է՝ Ռուսաստանը փորձում է խաբել ԱՄՆ-ին, ինչը թույլ չեն տա:

«Ահա թե ինչու են անհրաժեշտ պատժամիջոցները, անհրաժեշտ է ճնշում բանեցնել, ուժ ցուցադրել ... Եթե Ռուսաստանը չի ցանկանում դադարեցնել պատերազմը, ապա նրա տնտեսությունը պետք է կանգնեցվի», - պնդել է Զելենսկին:

Իսկ այս ընթացքում Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են հարվածել միմյանց: Զապորոժիեում ռուսական զինուժն ավիառումբով հարվածել է ավտոկայարանի, կա 20 վիրավոր: Հարվածել են նաև Դնեպրոպետրովսկին, Խերսոնում վերջին 24 ժամում սպանվել է չորս մարդ, վիրավորվել՝ յոթը:

Ուկրաինական զինուժն էլ հարվածել է Նիժնի Նովգորոդում գտնվող արդունաբերական օբյեկտների: Արզամասի գործարանին հարվածից սպանվել է մեկ, վիրավորվել՝ երկու մարդ, ևս երկուսը սպանվել են Տուլայում: Պայթյուններ են լսվել նաև Մերձմոսկվայում, Սարատովում հարվածել են նավթի բազայի:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG