Հայտնի ամերիկացի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը երեկ ուշ երեկոյան Երևան է ժամանել, ինչպես ինքն է հայտարարում, եկեղեցուն պաշտպանելու համար: 69-ամյա իրավաբանը հենց օդանավակայանում խոսեց իր այցի նպատակների մասին:
«Հայաստանում իմ հիմնական առաքելությունը եկեղեցուն, ապօրինի կալանավորված այդ տղամարդկանց, Քրիստոսի զավակներին պաշտպանելն է», - ասել է նա՝ շարունակելով,- «Երբ Սամվել Կարապետյանի նման հավատացյալ, իրենց երկիրն ու եկեղեցին սիրող մարդկանց բիզնեսները ռեյդերի ու հարձակումների են ենթարկվում, ուրեմն մի բան սխալ է»:
Ռոբերտ Ամստերդամը միջազգային աղմկահարույց գործերով է զբաղվել աշխարհի տարբեր կողմերում՝ Վենեսուելայից մինչև Կոնգո և Թաիլանդ. 2000-ականներին այն ժամանակ Ռուսաստանի ամենահարուստ մարդու՝ Վլադիմիր Պուտինի ընդդիմախոս Միխայիլ Խոդորկովսկու շահերն է ներկայացրել, վերջին տարիներին էլ Մոսկվայի պատրիարքարանի Ուկրաինական ուղղափառ եկեղեցուն է պաշտպանում: Կիևը եկեղեցուն ռուսամետ քարոզչության մեջ է մեղադրում, անցած տարի եկեղեցու գործունեությունն արգելելուն միտված օրենք ընդունեցին, այս հուլիսին էլ նախագահ Զելենսկու հրամանագրով եկեղեցու առաջնորդ՝ Մետրոպոլիտ Օնուֆրին զրկվեց Ուկրաինայի քաղաքացիությունից: Պնդել էին՝ նա տասնամյակներ առաջ Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել և այդ մասին չի տեղեկացրել Ուկրաինայի լիազոր մարմիններին:
«Կառավարություններում գտնվող մարդիկ հաճախ փորձում են եկեղեցին քաղաքական նպատակների ծառայեցնել՝ որպես պաշտամունքի վայրի վերաբերվելու փոխարեն, ուստի սա ինձ համար շատ կարևոր աշխատանք և առաքելություն է», - նշել է նա:
Երեկ «Զվարթնոց»-ում փաստաբանը նաև Ուկրաինայում իր աշխատանքն է հիշատակել. «Ես պաշտպանում եմ եկեղեցին Ուկրաինայում, ցավոք, այսօր մի շարք երկրներ կան, որտեղ եկեղեցին հարձակման է ենթարկվում: Իմ կարծիքով՝ չկա ավելի սրբազան գործ, քան եկեղեցու և օրենքի գերակայության պաշտպանությունն է»:
Ռոբերտ Ամստերդամը իշխանություն-եկեղեցի հակամարտության կարգավորումը երկխոսության միջոցով է տեսնում:
«Ես այստեղ եմ հույսով, որ կկարողանանք երկխոսություն սկսել, հույսով, որ մեղադրանքները կկասեցվեն, ու եկեղեցին պաշտպանված կլինի: Եկեղեցին Հայաստանում առանցքային դեր ունի, ընդ որում ոչ միայն հայերի, այլև բոլոր քրիստոնյաների համար», - հայտարարել է նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը հայտնեց՝ որտեղից է սկսելու Վեհարանի ազատագրման գործը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Սամվել Կարապետյանը կրկին հարցաքննվել է, հերքվել են ամենաաբսուրդային վարկածները, Բագրատ սրբազանի շարժման հետ կապ չկա». փաստաբանԻ պատասխան լրագրողի հարցին՝ փաստաբանը հայտարարել է՝ իշխանությունների կողմից հնարավոր ճնշումներից չի անհանգստանում. «Ես շատ սովոր եմ կառավարությունների ճնշումներին, Ռուսաստանում ինձ ձերբակալել են, 7 երկրում իմ մուտքն արգելվել է: Մենք հասկանում ենք, որ ճնշումը հնարավոր է, սակայն ճնշումն արդյունք է տալիս այն դեպքում, երբ կա մեկը, որ ճկվում է, դրա տակ: Մենք չենք ճկվում»:
Ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց եկեղեցուն պաշտպանող հայտարարությունից հետո, ինչից հետո իշխանությունը նաև նրան պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցերն» ազգայնացնելու գործընթաց սկսեց: Տարբեր մեղադրանքներով ճաղերի հետևում են նաև արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստյանյանն ու Միքայել Աջապահյանը:
Վարչապետ Փաշինյանը կաթողիկոսի հրաժարականն է պահանջում և առանց ժամկետ նշելու Էջմիածնում սպասվող հոգևոր հավաքի մասին է հայտարարել: Բարձրաստիճան հոգևորականների դեմ իշխանականների հայտարարությունները Մայր աթոռը հակաեկեղեցական ու անօրինական արշավ է որակում, իսկ
հավաք անցկացնելու Փաշինյանի նախաձեռնությունը՝ հարձակում ու բռնություն հրահրելու փորձ: