Տոտալիտար համակարգի հոտ է գալիս այն փոփոխություններից, որոնք արել են, ասում է կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը՝ խոսելով «Կինեմատոգրաֆիայի մասին օրենքում» փոփոխությունների նախագծի մասին, որը, մի խումբ կինոգործիչների պնդմամբ, ուղիղ սպառնալիք է հայկական կինոյի անկախ գոյությանը։
«Փափուկ ուժի, քո երկրի կարևոր խնդիրները լուծելու, բարձրաձայնելու հնարավորությունները զրոյական են դառնալու՝ այս տեսակի աջակցություններով, հարցերն այսպես լղոզելով, օրենքներն այսպես փոփոխելով։ Դա ուղղակիորեն ստեղծագործական ազատությունն է սահմանափակելու և բերելու է ցենզուրայի միանշանակ», - ասում է նա։
Նախագիծը հանրային քննարկման է դրված e-draft կայքում։ Հիմնավորման մեջ նշված է, որ կբարելավվի ոլորտում պետական աջակցության համակարգը՝ ազգային կինոյի զարգացմանը նպաստելու և պետական բյուջեից ֆինանսավորման բաշխման չափանիշները հստակեցնելու համար։ Նախագծի տրամաբանությունն այն է, որ փոփոխություններով խթանելու են կինոարտադրությունը, այդուհանդերձ փաստացի ֆիլմ ստեղծողները սա հետընթաց են որակում՝ վերադարձ խորհրդային ժամանակներ։ Հակադիր պնդումն են անում՝ կուժեղանա պետական վերահսկողությունը, կսահմանափակվի ստեղծագործական ազատությունը, տապանաքար կդրվի միջազգային համագործակցության վրա։
«Վերջերս Կաննի շուկայում էինք, մենակ ես 23-25 պրոդյուսերի հետ հանդիպել եմ, որոնցից 7-ը համարտադրություն էր ուզում բերել Հայաստան և ֆինանսավորել հենց Հայաստանում արտադրական պրոցեսները։ Բոլորը հարցականի տակ են, երկուսը հրաժարվել են՝ տեսնելով այս փոփոխությունները, որովհետև լավ ծանոթ են մեր շուկային», - նշում է պրոդյուսեր, ռեժիսոր Զառա Ջյանը:
Նա տեղեկացրեց, որ մտահոգիչ նամակներ է ստանում միջազգային գործընկերներից. «Որ այս ի՞նչ եք դուք անում, դուք այս վերջին 7 տարիներին առաջընթաց ունեցաք, Հայաստանին սկսեցինք տեսնել միջազգային հարթակում՝ Կանն, Լոկառնո, Բեռլին։ Իսկ հիմա փորձում եք զրոյացնել։ Դուք 20 տարի հետ եք գնում»։
Որպես վատ օրինակ բերեցին այլևս չգործող «Հայկ» կինոստուդիան, որը ամբողջությամբ պետական միջոցներով էր ֆիլմեր նկարում և, կինոգործիչների պնդմամբ, շարունակում էր աշխատել Խորհրդային միության տրամաբանությամբ։
Նախագծի հակիրճ բնութագրում գրված է, որ «Կինեմատոգրաֆիայի մասին» գործող օրենքի մի շարք դրույթներ հակասում են օրենսդրության այլ ակտերին կամ չեն արտահայտում ոլորտի իրական պահանջներն ու զարգացումը։
«Ինչո՞վ չի համապատասխանում, որ օրենքի որ կետին չի համապատասխանում։ Ամբողջ հիմնավորման մեջ չկա մեկ հղում, թե գործող օրենքը որ օրենքի որ կետին չի համապատասխանում», - նշում է Անիմացիոն կինոյի գիլդիայի նախագահ Արմինե Անդան՝ հակառակ պնդումն անելով՝ առաջարկվող փոփոխություններն են հակասում Սահմանադրությանը և միջազգային կոնվենցիաներին։
«Այսինքն՝ Սահմանադրությունը, ինչպես, ի դեպ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիան, խոսում է միայն մեկ սկզբունքի մասին՝ ստեղծագործական ազատություն։ Պետական սեփականությունը չի կարող դիտվել որպես ստեղծագործական ազատություն։ Եթե պետությունը ասում է՝ ես ձեզ ֆինանսավորում եմ, բայց իմ սեփական ֆիլմերն եմ ֆինանսավորում, ոչ ոք չի կարող ապացուցել, որ այնտեղ ստեղծագործական ազատություն կա», - ասում է նա:
Պետական այրերի, նախագծի հեղինակների հետ մի քանի հանդիպում եղել է, առայժմ անպտուղ, ասում են կինոգործիչները։
Նախարարությունից հորդորեցին բացատրություններ լսել Կինոյի հիմնադրամից։ Նախագծով առաջարկվող փոփոխություններն ուղղակիորեն առնչվում են այս կառույցին։ Հիմնադրամի ղեկավար Դավիթ Բանուչյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այս փուլում կինոգործիչներին հուզող կետերին չի անդրադառնա, քանի որ քննարկումները դեռ շարունակվում են։
«Մի անգամ է դեռ աշխատանքային խմբի նիստը կայացել, ըստ էության։ Շարունակվում են դեռ աշխատանքային խմբի աշխատանքները։ Հարցազրուց կամ ասուլիսի իմաստ տալ, աշխատանքային խմբի ընթացքը խափարելու համար չեմ հասկանում, որովհետև այդ կարծիքները կարող էին բերել և բարձրաձայնել աշխատանքային խմբի քննարկման ժամանակ։ Անազնիվ կգտնվեմ՝ եթե ա աշխատանքային խմբի անդամները, ովքեր այդ ասուլիսին չեն մասնակցել, իրենց գլխից թռնեմ ու մեկնաբանեմ օրենքի ցանկացած կետ», - ասաց նա:
Շատ կինոգործիչներ մտավախություն ունեն, որ նախագիծն օրենք դառնալու դեպքում Կինոյի հիմնադրամի լիազորությունները ոչ միայն կընդլայնվեն, այլ այն կվերածվի մի մարմնի, որը պետական ծրագրերին չհամապատասխանող նախագծերը կկարողանա զրկել աջակցությունից։
«Կոչ կանեմ վերադառնան, սեղանի շուրջ նստեն ու քննարկումներին մասնակցեն։ Ցանկացած օրենքի նախագիծ, իհարկե, այսպիսի բողոքներ կարող է ունենալ, դեմոկրատական երկրում ենք ապրում, և պետք է լսենք մասնագիտական հանրությանը», - հավելեց Բանուչյանը:
Կինոգործիչներն այսօր մարտական էին տրամադրված, ընդհուպ մինչև դատական գործընթացի դիմելը չբացառեցին։
Օգոստոսի 9-ին հանրային քննարկումը e-draft-ում կավարտվի։ Այս պահի դրությամբ քվեարկողների 55 տոկոսը դեմ է նախագծին։