Թրամփը խնդրե՞լ է Ալիևին ազատ արձակել 23 հայ գերիներին. Վաշինգտոնից տարածված տեսանյութերում այս հարցի պատասխանը չկա: 14-վայրկյանանոց վիդեոյում Թրամփը Փաշինյանին է դիմում.
«Ասում եք, որ 23 քրիստոնյա հայեր կան, ես պատրաստվում եմ խնդրել, որ դա անեն, կարծում եմ՝ հանուն ինձ կանեն դա, սա կարևոր է, չէ՞», - հարցում է ԱՄՆ նախագահը: «Այո», - գլխով է անում Հայաստանի վարչապետը:
Այս տեսանյութը տարածվեց օգոստոսի 8-ի հաջորդ օրը միայն՝ այն բանից հետո, երբ հայաստանյան հանրային դաշտը փոթորկվել էր, թե գերիների վերադարձը վաշինգտոնյան հանդիպումների օրակարգում չկա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփի հետ հանդիպմանը Բաքվում պահվող հայ գերիների հարցը քննարկվել է հենց Փաշինյանի նախաձեռնությամբ. Նազելի Բաղդասարյան«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանն ասում է՝ այս արտահոսքը հավանաբար հայաստանյան դժգոհությունը մարելու համար էր, մնում է բացահայտվի՝ Թրամփը հայ գերիների մասին Ադրբեջանի նախագահի հետ խոսել է՞, թե՞ ոչ:
«Որքանով որ հասկանում ենք, ժամանակագրական առումով հայկական կողմի հետ հանդիպումը կարծես թե ավելի շուտ էր, քան ադրբեջանական կողմի հետ, և տեսականորեն հնարավորություն կար, որպեսզի Թրամփը այդ խոսակցությունից հետո՝ այդ տեսանյութը, որը որ տեսանք բոլորս երեկվանից, ըստ էության, բարձրացներ այդ հարցը: Միևնույն ժամանակ, պարզ չէ՝ բարձրացվե՞ց գերիների վերադարձի խնդիրը, թե՞ ոչ, որովհետև դրանից հետո որևէ խոսք չեղավ, և կարծես թե, հենց ասուլիսից դատելով և հայաստանյան պաշտոնատար անձանց հրապարակումներից դատելիս, միանշանակ պարզ չէր՝ արդյոք որևէ արդյունքի հասա՞ն, թե՞ ոչ, ավելի շատ հոռետեսական էր կարծես թե, կամ շատ զուսպ էր մեկնաբանությունները», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մելիքյանը:
Վաշինգտոնում լրագրողի հարցին ի պատասխան Հայաստանի վարչապետը չհստակեցրեց՝ գերիների ազատ արձակման պայմանավորվածություն կա՞, թե՞ ոչ: Ասաց՝ հումանիտար հարցերը փաստաթղթերում արտահայտված չեն, բայց էական խոսակցություններ են եղել:
«Խնդրում եմ որևէ կասկած չլինի, որ այդ հարցում ամենաշահագրգիռ ձևով, ամենաբարձր մակարդակով անդրադարձեր ունեցել ենք, և մենք հետևողական ենք լինելու այս խնդիրների լուծման առումով», - վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը:
Իրավապաշտպան Մելիքյանի խոսքով՝ եթե գերիների հարցում համաձայանություն չի ստացվել, ուրեմն բաց է թողնվել շատ լավ հնարավորություն:
«Այս պահին, երբ որ մենք տեսնում ենք լղոզված խոստումներ կամ մեկնաբանություններ, ըստ էության, լավատեսության շատ տեղչենք ունենում, որովհետև կրկին կա՛մ Թրամփի բարի կամքին պավինենք, որ ինքը հիշի էդ հարը ու բարձրացնի Ալիևի հետ, կա՛մ Ալիևի բարի կամքին, թե ինչպես ինքը կմեկնաբանի ու ինչպես Թրամփին կհամոզի, թե ինչու պետք է ազատել կամ չազատել այդ անձանց», - նշեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փորձագետը:
Ընդգծում է՝ բոլորովին պարտադիր չէ, որ հումանիտար այդ հարցը փաստաթղթային որևէ կետ դառնար, վերջին տարիներին հայ գերիներ Բաքվի բանտերից ազատ են արձակվել քաղաքական, դիվանագիտական պայմանավորվածությունների արդյունքում:
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի կարծիքով, գերիների հարցում տեղաշարժ լինելու է՝ Բաքուն այդ հարցը զիջում կորզելու քաղաքական լծակ էր դարձրել՝ խաղաղության փաստաթղթի դիմաց:
«Քանի որ խնդիրը քաղաքական է, և դա լծակ էր, կարծում եմ՝ գործընթացի տեղաշարժին համահունչ նաև տեղաշարժեր կարձանագրվեն գերիների վերադարձի հարցում: Նման դրական կանխատեսում ես ունեմ, շանսերը բավականին մեծ եմ գնահատում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սահակյանը:
Վստահ է՝ Միացյալ Նահանգների նախագահը հենց այնպես չէր ասում՝ կխոսի Ալիևի հետ, գործին, ըստ իրավապաշտպանի, կօգնի նաև այն, որ այս երկու նախագահները լավ են իրար հետ. - «Չեմ կարծում, որ առանց նախնական քննարկումների, հրապարակային խոսույթում Թրամփը կբարձրաձայներ իր ներգրավածությամբ խնդրի լուծման պատրաստակամության մասին: Եթե նման արտահայտություն արվել է, այստեղ նաև Թրամփը իր հեղինակությունն է դնում»:
Արդյո՞ք ազատ կարձակվեն բոլոր գերիները. Սիրանուշ Սահակյանն ասում է՝ հնարավոր է Բաքուն փուլային տարբերակն ընտրի, դատավարություններն ավարտի, ապա մարդասերի կերպարով ներումներ շնորհի:
Իրավապաշտպան Աննա Մելիքյանը ենթադրում է՝ եթե Բաքուն համաձայնի ազատ արձակել իր բանտերում պահվող 23 գերիների մի մասին, ապա հայրենադարձվողների մեջ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները չեն լինի: Ըստ Մելիքյանի՝ Ադրբեջանը նրանց հետ կապված թատերական ներկայացումները դատարանի դահլիճում դեռ չի ավարտել:
Բաքվի բանտերում տարիներ անցկացնող գերիների հարազատներն արդեն չգիտեն՝ հուսադրվե՞ն, թե՞ ոչ... Գերտերությունների մայրաքաղաքներում ամեն հանդիպումից առաջ լավատես էին, հետո՝ թևաթափ:
«Ազատության» զրուցակցիս հայրն է Բաքվում, ասում է՝ առողջություն օր-օրի է վատանում. - «Իմ ծնողը երևի էդքան չի ձգի, որովհետև խոսալուց զգացվում էր, որ արդեն, չգիտեմ, չէր կարում խոսար, ճիշտն ասած, դժվարությամբ էր խոսում: Հազում էր, ոնց որ հիվանդ էր, բայց ինքը տենց չէր ասում, ասում ա՝ «ես լավ եմ», բայց ես հո իմ ծնողին ճանաչում եմ, գիտեմ, որ, նենց, էլի, էն որ ասում ա, ոնց որ վերջի շունչը լներ: Պարզ չի՞, որ մարդ ընդե լնի, ինչ պիտի լնի, ոնց պիտի լնի»:
Հայրը չի դժգոհում, միշտ ասում է, որ լավ է, բայց ընտանիքում զգում են՝ այդպես չէ: Սպասում են՝ գուցե Բաքվի բանտում փակված հայերի վրա էլ լույս կբացվի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գերիների ու արցախցիների վերադարձի հարցը մնաց լուսանցքում