Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարներն արտահերթ հանդիպում են անցկացնում՝ քննարկելու ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների սպասվող բանակցությունները։
Ինչպես նշում է France-Press գործակալությունը, Եվրոպայում մտավախություն ունեն, որ առանց Ուկրաինայի կնքված որևէ համաձայնագիր կարող է անընդունելի փոխզիջումներ պարտադրել։
Նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը կհանդիպեն առաջիկա ուրբաթ օրը ԱՄՆ Ալյասկա նահանգում՝ փորձելու լուծումներ գտնել ավելի քան երեք տարի շարունակվող պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։
Եվրամիությունը պնդում է, որ Կիևը և եվրոպական տերությունները ևս պետք է մասնակցեն հակամարտության ավարտին վերաբերող պայմանավորվածություններին։
«Ուկրաինայում խաղաղության ուղին չի կարող որոշվել առանց Ուկրաինայի», - ասված է Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆինլանդիայի առաջնորդների, ինչպես նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի համատեղ հայտարարությունում։ Եվրոպացի առաջնորդները նաև կոչ են արել Թրամփին ավելի մեծ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։